Էրդողանը վստահ է` ՌԴ–ն կկատարի ԼՂ–ի վերաբերյալ պայմանավորվածությունների բոլոր դրույթները

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահն հայտարարել է, ՌԴ զինվորականները մի շարք շրջաններում կմնան մինչև 2025 թվականը: Դրանից հետո նրանք կհեռանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Էրդողանը համոզված է, որ Ռուսաստանը կկատարի ղարաբաղյան համաձայնագրերի շրջանակում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի համաձայն՝ ՌԴ զինվորականները մի շարք շրջաններում կմնան մինչև 2025 թվականը։ Դրանից հետո նրանք կհեռանան։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կկատարի պայմանավորվածությունների բոլոր պայմանները։ Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևում է այդ թեմային», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ մասին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի համապատասխան հարցին:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: