Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան` բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի հանդիպումը:
Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները:
«Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ փառատոնային մշակույթը խթանելու համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել բազմաժանր նոր ծրագրեր և միջոցառումներ, ապահովել դրանց հասանելիությունն ու մատչելիությունը՝ մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի և զբոսաշրջիկների համար: Այդ նպատակով քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի բեմական և լուսաձայնային գերժամանակակից անհրաժեշտ տեխնիկա: