ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերը քննարկել են ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը։
Տեղեկությունը հայտնում են ԱԽՔ գրասենյակից և հավելում, որ ԱՄՆ–ում գտնվող Գրիգորյանը երեկ է հանդիպել պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը։
ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս` Գրիգորյանը ներկայացրել է Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի:
Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ին ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը։