«Զվարթնոցի» վերազինման համար միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

«Զվարթնոց» օդանավակայան
Օդանավակայանն այս պահին աշխատում է գերբեռնվածությամբ, օրական չվերթերի թիվը գերազանցում է 90-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Զվարթնոցի» վերազինման համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նրան ուղղված հարցում նշեց, որ այս պահին «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է գերբեռնվածությամբ և դժվարությամբ է կարողանում սպասարկել ուղևորահոսքերը։
«Արդյոք չի՞ նախատեսվում նոր մասնաշենքերի, տերմինալների ու թռիչքուղիների կառուցում` օդանավակայանի կառավարչի ներդրումային ծրագրերի շրջանակներում»,– հետաքրքրվեց Գաբրիելյանը։
Սիմոնյանը պատասխանեց` ՀՀ կառավարության հարաբերությունները «Արմենիա» միջազգային օդանավակայանների» հետ կարգավորվում է 2001թ. կնքված 30–ամյա կոնցեսիոն պայմանագրով, և ներդրումային նոր ծրագրերի իրականացումը պետք է համաձայնեցնել կոնցեսիոների հետ։
Հիշեցնենք` մայիսի 30–ին ԱԺ–ում 2022 թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում օրական չվերթերի թիվը գերազանցում է 90-ը, ինչը օդանավակայանի հնարավորությունների սահմանագիծն է։ Օդանավակայանն աշխատում է ծանրաբեռնված, և կառավարությունը քննարկում է այնտեղ նոր շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ավելացման հարցը։
Քերոբյանն ու Էռնեկյանը հանդիպել են. նախարարը ներկայացրել է զրույցի մանրամասները