Զինված հարձակում Երևանում. ոսկու վաճառքով զբաղվողի տնից մոտ 80 հազար դոլար են հափշտակել

Արխիվային լուսանկար
Գողերը հանցագործության վայրից փախուստի են դիմել տանտիրոջ ավտոմեքենայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ավազակային զինված հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` գիշերը` ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից։ Նա հայտնել է, որ հուլիսի 10-ին` ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և կնոջը կապկպել, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդերը։
Կայքի տեղեկություններով` դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Ավազակները հանցագործության վայրից փախուստի են դիմել տանտիրոջը՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով։
Իրավապահներն առևանգված Toyota-ն ժամեր անց հայտնաբերել են Գարեգին Նժդեհի հրապարակում։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։