ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Letzte Generation բնապահպանական շարժման ակտիվիստները Վիեննայի կենտրոնում ներկ են լցրել «Prada» խանութի և «Park Hyatt» հյուրանոցի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ակցիան բողոք է ունևորների դեմ, որոնք էկոակտիվիստների կարծիքով, նպաստում են կլիմայական ճգնաժամի խորացմանը։ Մասնավորապես, նրանց մեղադրում են մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու և մեծ թվով անշարժ գույք ունենալու համար, որը սպասարկման կարիք ունի։
«Այսօր մենք նախազգուշական ներկով ներկում ենք դեկադանսի և շռայլության խորհրդանիշերը` շքեղ հյուրանոցն ու ճոխ խանութները», – գրել են ակտիվիստները։
Շարժման տվյալներով` 1990 թվականից ի վեր աշխարհի հարուստ մարդկանց շրջանում արտանետումներն աճել են 45%–ով։
Letzte Generation ակտիվիստները մայիսին Վիեննայի կենտրոնում արգելափակել էին տրանսպորտի երթևեկությունը։ Նրանք պահանջել էին սահմանափակել առավելագույն արագությունը մայրուղիների վրա մինչև 100 կմ/ժ և հայտարարել, որ մարդկությունը կլիմայական անդունդն է գլորվում։