Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո

Արխիվային լուսանկար
Աջակցությունը ենթադրում է նաև պատժամիջոցների վերացում և վիզային ռեժիմի ազատականացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին աջակցելուց հետո Արևմուտքից լիակատար աջակցություն է ստացել պատժամիջոցների վերացման և վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Այս մասին հայտնում է Haberler.com պորտալը:
«Բարձրաստիճան թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Վիլնյուսում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիան լիակատար աջակցություն է ստացել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հարցում, ներառյալ պատժամիջոցների վերացումը և վիզային ռեժիմի ազատականացումը»,-գրում է պարբերականը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելու համար: Ընդ որում, Ստոլտենբերգը կոնկրետ ժամկետներ չէր նշել։
Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։