Տարածաշրջանային նշանակության գիտական գերհամակարգիչը մինչև տարեվերջ կբացվի Հայաստանում

Հրաչյա Ասցատրյան
Ֆրանսիայից ստացված համակարգիչը թույլ կտա ժամանակակից հետազոտություններ անցկացնել «մեծ տվյալների», արհեստական բանականության, պատկերների մշակման վերաբերյալ՝ ոչ միայն ինֆորմատիկայի, այլև բնական գիտությունների կարիքների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Տարածաշրջանային նշանակության գիտական գերհամակարգիչը Հայաստանում կբացվի մինչև տարեվերջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանը։ Համակարգիչը ստեղծել է ֆրանսիական Atos ընկերությունը, որն աշխարհում մեծ հզորությամբ համակարգիչներ արտադրող խոշորագույն ընկերություններից է։
Ֆրանսիայի հետ համագործակցությունը ինֆորմատիկայի ԳՀԻ-ն առաջին տարին չէ, որ իրականացնում է. Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի (IRIT) հետ ակադեմիական փոխանակման ծրագիր է գործում:
Կենդանի համակարգիչ. Դոխոլյանի մշակումները կօգնեն սպանել քաղցկեղը և բուժել վարակները
Համագործակցության շրջանակում հայկական կողմը նվեր է ստացել համակարգիչ, որը նախկինում օգտագործվել է Թուլուզի Airbus արտադրական համալիրի օբյեկտներից մեկում: Հայաստանում աշխատելու համար գերհամակարգիչը «ափդեյթ» է անցել Atos-ում, որտեղ այն մի քանի անգամ հզորացվել է։
Գերհամակարգչի բլոկներն արդեն Հայաստանում են, մնում է ֆրանսիացի մասնագետների օգնությամբ հավաքել դրանք, ինչպես նաև ավարտել նոր հաշվողական կենտրոնի շենքի շինարարությունը:
Համակարգիչն աշխատում է 26 հազար բարձր հզորության պրոցեսորներով (համեմատության համար նշենք, որ ամենաժամանակակից անհատական համակարգիչներում հազվադեպ է ավելի քան 16 պրոցեսոր օգտագործվում):
«Մենք ունենք հաշվողական ռեսուրսներ, որոնց վրա աշխատում ենք, բայց դրանք անհամատեղելի են սպասվող համակարգչի հետ։ ԱՊՀ տարածքում նման մակարդակի հաշվողական մեքենաներ միայն Ռուսաստանում կան», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հրաչյա Ասցատրյանը։
Նոր համակարգչի օգնությամբ հնարավոր կլինի ժամանակակից հետազոտություններ անցկացնել «մեծ տվյալների» (big data), արհեստական բանականության, պատկերների մշակման վերաբերյալ: Հաշվարկների հարցումներ են ստացվել հայաստանյան բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շուրջ 40 հետազոտական թիմերից (քանի որ տեսական հաշվարկների մեծ զանգվածների կարիք ունեն ոչ միայն մաթեմատիկոսները, այլև բնական գիտությունների մասնագետները):