ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Կրասնոդարի վարչակազմի զորահավաքային աշխատանքների բաժնի պետի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկիի սպանության մեջ կասկածվող Սերգեյ Դենիսենկոյին ձերբակալելու տեսագրությունը։
Այսօր ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կրասնոդարի երկրամասում մի տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է Ռժիցկիի սպանության մեջ: Ավելի ուշ գերատեսչությունը պարզաբանել էր, որ ձերբակալվածը 1959 թվականին ծնված Սերգեյ Դենիսենկոն է։
Ձերբակալվածից առգրավվել է խլացուցիչով ատրճանակ, որի կրակոցից սպանվել է Ռժիցկին։ «SHOT» Telegram–յան ալիքի տվյալներով` Դենիսենկոն ծագումով Սումիի մարզից է, նախկինում եղել է Ուկրաինայի կարատե-դոյի ֆեդերացիայի նախագահը։
Նշենք, որ Ռժիցկու մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Պետդումայի պատգամավոր, Կրասնոդարի նախկին ղեկավար Եվգենի Պերվիշովը։ Նրա խոսքով՝ Ռժիցկիի վրա կրակել են թիկունքից։