ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի փոխարեն իր կողմից թեկնածու չի առաջադրի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը` նշելով, որ ըստ քվոտայի` այդ տեղը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին։
Նշենք, որ ԱԺ–ն քննարկում է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է ՔՊ–ն։
Աղազարյանը վստահեցրեց, որ պատրաստ են քննարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված ցանկացած թեկնածություն։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների լիազորությունները դադարեցնելու մասին նախագծերը փակ գաղտնի քվեարկությամբ են իրականացվում` պատգամավորների կեսից ավելիի ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ փակ, գաղտնի քվեարկությունը կանցկացվի այսօր` 12։15–13։00–ն ընկած ժամանակահատվածում, ԱԺ նախասրահում։
Հավելենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը, քանի որ դա համարում են ապօրինի։