ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նա նշեց, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 64–ը, եղել է մեկ անվավեր, 1 դեմ քվեաթերթիկ։
Քվեարկությանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունը` «Հայաստանը» և «Պատիվ ունեմ»–ը, չեն մասնակցել։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։