Քննիչն ազատվել է աշխատանքից անգործություն ցուցաբերելու համար

ՔԿ նախագահը միջնորդել է «աշխատանքից ազատում» կարգապահական տույժը կիրառել` հաշվի առնելով խախտումների բնույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՔԿ տարածքային ստորաբաժանման քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը։
Պարզվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն։ Տվյալ անձև պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները։
Հաշվի առնելով խախտումների բնույթը` կարգապահական հանձնաժողովը բավարարել է ՔԿ նախագահի միջնորդությունը։