Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիան

Փաստաբանների բողոքի ակցիա
Փաստաբանների ակումբի նիստում վերահաստատվել են ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ քննչական կոմիտեին ուղղված պահանջները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Փաստաբանները հուլիսի 12-ին և 13-ին, հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, կշարունակեն բողոքի ակցիան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։
Բողոքի ակցիան շարունակելու որոշումը կայացվել է փաստաբանների ակումբի նիստում, որտեղ քննարկել են վերջին զարգացումները:
Որոշվել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջել խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին։ Նա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափության հարցում պատասխանատու լինելով, փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել և չի արձանագրել խոշտանգման դեպքը:
Բացի այդ, փաստաբանները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից կպահանջեն խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել ՔԿ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն:
Նիստի ընթացքում ներկաները դրական են գնահատել ՆԳ նախարարության հավաստիացումը, որ միջադեպին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական, ինչպես նաև պատրաստակամությունը օպերատիվ կերպով արձագանքել խնդրահարույց իրավիճակներին:
Ներկաներն արձանագրել են, որ հայտարարված ակցիան շարունակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև տեսանելի է պետական մարմիններից ներքին գործերի նախարարության վերաբերմունքի փոփոխությունը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության օբյեկտիվությունը, սակայն ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը լիարժեքորեն չի լուծում փաստաբանների նկատմամբ բռնություններ կիրառելու հնարավոր դեպքերի կանխարգելման խնդիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու համար։
Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր:
Նշենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։
Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։