Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում քաղաքական դրդապատճառներով․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տիրան Խաչատրյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են ԶՈւ գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլև հասարակությանը մոլորեցնելու առերևույթ նպատակ են հետապնդում: Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի արձագանքն է Տիրան Խաչատրյանի այն հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը հրապարակել է «Արմենպրեսը»։
«Խաչատրյանի կեղծ ձևակերպումները, թե իբր բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ սուտ տեղեկատվությունը գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաև իր նախկին վերադասի՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարություններին»,–ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Նշվում է, որ Տիրան Խաչատրյանը մտացածին և անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է կառավարության պակաս հատկացումների պատճառով:
Վարչապետի աշխատակազմից հիշեցրել են, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը կառավարությունը սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար հատկացրել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմատության համար նշվում է, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի նախորդ կառավարությունները նույն նպատակի համար ծախսել են 354 միլիարդ դրամ:
Հրավեր–նամակ չի ուղարկվել. Տիրան Խաչատրյանը հերքում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը