ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանը շարունակում է ռուսական ցորենի խոշորագույն գնորդներից մեկը լինել։ Այս մասին են վկայում Ռուսաստանի հացահատիկային միության և Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
2021/22 սեզոնին (հուլիս/հունիս) Հայաստանը Ռուսաստանից գնել է մոտ 337,8 հազար տոննա ցորեն, այդ թվում՝ 2021 թվականի երկրորդ կիսամյակում` 207,3 հազար, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 130,4 հազար տոննա։ Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է։
2022-23 սեզոնի համար ամբողջական տվյալներ դեռ չկան (վերջին ամիսը բացակայում է)։ Առայժմ երկրների բաժանում չկա։ Բայց 2022-ի հուլիսից մինչև 2023-ի մայիս Հայաստանը ներմուծել է 365 հազար տոննա ցորեն (ներմուծման աշխարհագրությունը չի փոխվել, և Ռուսաստանը մնում է գրեթե միակ մատակարարը)։
Մերձավոր արտերկրի այլ երկրների թվում, Ռուսաստանի հացահատիկի միության տվյալներով, 2022/23 սեզոնին Ադրբեջանը ներմուծել է 919,5 հազար տոննա, Լատվիան՝ 493,2 հազար, Վրաստանը՝ 316,5 հազար, Լիտվան՝ 115,98 հազար, Թուրքմենստանը՝ մոտ 30 հազար, Ուզբեկստանը՝ 21,1 հազար տոննա ցորեն։
Մերձավոր արտերկրի մյուս երկրներն ունեն զրոյական կամ զրոյին մոտ ցուցանիշներ։ Ընդհանուր առմամբ, արտասահմանյան երկրներից 2022/23 սեզոնին ռուսական հացահատիկի խոշորագույն ներկրողը Եգիպտոսն էր (11,9 միլիոն տոննա), իսկ ընդհանուր առմամբ` այս ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանել է մոտ 53 միլիոն տոննա կամ մեկուկես անգամ ավելի շատ, քան 2021/22 սեզոնին։