ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ արտահերթի նիստում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Սևանից լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնելու` կառավարության նախագծին։
Ըստ նրա` այս նախագիծը բերելու է Սևանի էկոհամակարգի փլուզմանը, քանի որ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է 15 սմ–ով։
Բացի այդ, կան կասկածներ, որ այդ ջուրն ըստ նշանակության չի օգտագործվում, քանի որ Արարատյան դաշտի բնակիչները տարիներ շարունակում բողոքում են, որ այդ ջուրն իրենց չի հասնում։
Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը, քանի որ նախագծի քննարկումը համարում են ապօրինի։
Դրանից քիչ անց խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Նշենք, որ հունիսի 10–ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ: