Հայ պատանի ծանրորդները թիմային հաշվարկում առաջինն են ծանրամարտի ԵԱ–ում

Հայ պատանի ծանրորդները Մոլդովայում
Երկամարտի արդյունքներով` հայ պատանիները նվաճել են 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրոպայի ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։
Նշենք, որ առաջնությունը անցկացվում էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչ 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը երկամարտի 312 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ ԵԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում նա ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալակիր են դարձել նաև Վալերիկ Մովսիսյանը, Աննա Ամրոյանը, Ժորա Գրիգորյանը և Սերյոժա Բարսեղյանը:
Երկամարտի արծաթե մեդալի է արժանացել Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով։
Իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում դարձյալ զբաղեցրել էր թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ էին նվաճել երկամարտում: