Գործուն զղջալու հիմքով պատժից կազատվեն նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարածները

Գրիգոր Մինասյան. Արխիվային լուսանկար
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` տարբեր կառույցներ մտահոգություններ են հայտնել նախագծի առնչությամբ, և դրանք փարատված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը ու այն կիրառել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Այսօր Ազգային ժողովում նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ըստ գործող Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի` նախատեսված է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը։ Ըստ այդմ` անձը կարող է օգտվել այս կարգավորումից, եթե առաջին անգամ է հանցանք կատարել, դա ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը։
«Այսինքն` գործուն զղջալու դեպքում կարևորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը, պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը։ Քրեական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որը նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու այս իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառելի չէ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։
Նախագծով սահմանված է նաև, թե որ դեպքում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախարարի` դրանք են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը, խոշտանգելը, ինչպես նաև բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում։
Արդարադատության նախարարությունը 110 միլիոնի համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել
«Նախագծով սահմանվել է նաև, որ այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից»,– հավելեց նախարարը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ԲԴԽ–ն, ՆԳՆ–ն, ԱԱԾ–ն, վարչապետի պետաիրավական և իրավաբանական վարչությունները խիստ բացասական գնահատական են տվել այս նախագծին` կոնկրետ նաև մտահոգություններ ներկայացնելով։ Դրանցից որևէ մեկը փարատված չէ։