ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ և միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազն այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար և սթափության կոչ Ադրբեջանին:
Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:
Հայ պատվիրակները նշել են` ակնկալում են, որ եվրոպացի գործընկերներն ուշադրություն կենտրոնում կպահեն հայ գերիների վերադարձի հարցը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբևէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որևէ այլ ռազմական բախման և ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին է մեկնել Ֆրանսիա։ 13-հոգանոց պատվիրակությունը Փարիզում կլինի մինչև հուլիսի 13-ը։