Չեմպիոնների լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Զրինսկիի» հետ խաղում

«Ուրարտուն» պարտվեց «Զրինսկիի» հետ խաղում
«Զրինսկին» 89-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Ուրարտուին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն», որը հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին», պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն մի քանի հիշարժան դրվագներ եղան։ 33-րդ րոպեին բոսնիացիների տուգանային հրապարակում ընկավ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարկարյանը, սակայն մրցավարն այս դրվագում սիմուլյացիա տեսավ և դեղին քարտ ցույց տվեց։
44-րդ րոպեին «Զրինսկիի» ֆուտբոլիստ Մանիկուլիշիչը վտանգավոր հարված կատարեց։ Երկու րոպե անց հյուրերի դարպասների մոտ վտանգավոր պահ ստեղծվեց՝ տանտերերի կիսապաշտպան Մարկոսի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասաձողի մոտ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ուրարտուն» վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցավ թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը, որի հարվածից հետո գնդակն անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից։
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
76-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն միայնակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն սայթաքեց և չկարողացավ դիպուկ հարված կատարել։
83-րդ րոպեին «Ուրարտուն» նորից վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Այս անգամ գնդակին մոտեցավ Օլեգ Պոլյակովը։ Վերջինիս հարվածը բարձր ստացվեց։
89-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Մատեյ Սենիչը։ «Ուրարտուն» բաց թողած գոլից հետո, արդեն իսկ ավելացված ժամանակում կարող էր առնվազն երկու անգամ գրավել դարպասը, սակայն հաշիվը հավասարեցնել չհաջողվեց։
Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին պայքարի մեջ կմտնեն հայկական ևս երեք ակումբներ՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Փյունիկը»։
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց և դարձավ Եվրոպայի ռեկորդակիր