ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախի հետ նեղ մասնագիտական միջանցքի պահպանման համար ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է աշխատանքները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ դա բացատրելով ԿԽՄԿ մեքենաներում «մաքսանենգ» ապրանքի հայտնաբերմամբ։
«Շարունակելու են աշխատանքները Կարմիր խաչի հետ, որպեսզի պահպանվի այդ շատ նեղ մարդասիրական միջանցքը, որպեսզի կարողանան պացիենտների տեղափոխման, ինչպես նաև դեղերի մատակարարման հարցերը լուծել»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. անգամ մի փոքր խմբաքանակի տեղափոխման հնարավորությունը, որ ժամանակ առ ժամանակ լինում է, ամենևին հարցի լուծում չէ։
Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այսօր թե՛ պլանային, թե՛ վիրահատական միջամտությունները հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բուժօգնությունը հնարավոր լինի իրականացնել։
Ավանեսյանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մշտապես են հնչում մեղադրանքներ, որոնք ամբողջովին հիմնազուրկ են, և Հայաստանը բազմիցս դատարանում (ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան) ապացուցել է, որ դրանք կրում են զուտ մարդասիրական բնույթ։