ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։
«Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ, Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին` ժամը 9։30-ից ժամը 10։45-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումներն են հրաձգային զենքից կրակ բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։