ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին: Այս մասին նա ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած և ընդունված, ԼՂ–իդեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձևերի:
Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին և Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:
Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբևէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն Հայաստանին և արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:
Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման դեպքում ապավինում են Ֆրանսիայի և միջազգային այլ գործընկերների աջակցությանը:
Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ազգային հարստություն համարվող հայտնի քաղաքական, ռազմական գործիչների, մտավորականների և հանրահռչակ գրողների պանթեոն, որտեղ հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է վերահուղարկավորել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» հետմահու շքանշանակիր Միսաք Մանուշյանի աճյունը:
ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու նախաձեռնության ամենահետևողական հեղինակ, սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պիեռ Ուզուլիասին, որը ներկա է եղել հանդիպմանը: Այս առիթով Սենատի նախագահը նշել է, որ վերջերս է վերընթերցել Միսաք Մանուշյանի գնդակահարությունից առաջ կնոջն ուղղված լավատեսական նամակը, որը բնորոշում է հայ ժողովրդի ազատատենչությունը և նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին է մեկնել Ֆրանսիա։ 13-հոգանոց պատվիրակությունը Փարիզում կլինի մինչև հուլիսի 13-ը։