ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմ վերադառնալու գործընթացն ավարտվել է, Միացյալ Նահանգները դարձել է կազմակերպության 194-րդ անդամ պետությունը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Ընթացակարգն ավարտված է։ Միացյալ Նահանգները կրկին պաշտոնապես դարձավ մեր կազմակերպության անդամ»,- ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն
Նրա խոսքով` ՅՈւՆԵՍԿՕ-ն կրկին շարժվում է դեպի համակողմանիություն։
Կազմակերպության մամուլի ծառայությունից նշել են` հուլիսի 9-ին Ազուլեն զրուցել է ամերիկյան կողմի հետ, զրուցի ընթացքում նրան տեղեկացրել են, որ Վաշինգտոնում փաստաթուղթ է ստորագրվել ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության ընդունման վերաբերյալ։
Հունիսի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի արտահերթ նստաշրջանի մասնակիցները հավանություն էին տվել ԱՄՆ-ի՝ կազմակերպության կազմ վերադառնալու բանաձևին՝ Վաշինգտոնի առաջարկած` պարտքի աստիճանական մարման պայմաններով։
ԱՄՆ-ն ավելի վաղ խոստացել էր դիմել Կոնգրես՝ համաձայնեցնելու պարտքի փուլային մարումը, որն այժմ կազմում է 619,6 մլն դոլար: Առաջին փուլը ենթադրում է 150 մլն եվրոյի վճարում 2024 թվականին։ Այս գումարը ներառում է ինչպես այս տարվա վճարը, այնպես էլ նախորդ պարտավորությունների վճարումը:
Հիշեցնենք` 2011 թվականին Վաշինգտոնը դադարեցրեց ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը՝ անհամաձայնություն հայտնելով ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Պաղեստինին լիիրավ անդամակցություն տրամադրելու որոշմանը: 2017-ի հոկտեմբերի 12-ին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում ուղարկեց ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ մեղադրելով կազմակերպությանը «հակաիսրայելական կողմնակալության» մեջ և հայտարարելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլոբալ բարեփոխման անհրաժեշտության մասին: Անդամակցությունը դադարեցվեց 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: