Ադրբեջանը խոչընդոտում է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է ստեղծված իրավիճակը լուծելու համար միջազգային ջանքերի անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն ոտնահարում է Հաագայի միջազգային դատարանի որոշումները, արգելում է նույնիսկ ԿԽՄԿ–ի տեղաշարժը, ներառյալ` բժշկական տարհանումը»,– գրել է Բադալյանը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ վերականգնվեց։