ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն միևնույն ժամանակ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` գերատեսչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 17:35-ին, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Երեկ` հուլիսի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։