ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր հերթական անգամ կասեցվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների արդյունքում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է»,– ասված է Արցախի ՊՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց, թե հուլիսի 11-ին`ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում, Ասկերանի, Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կասեցրել են ՊԲ ստորաբաժանումների իրականացրած ամրաշինական աշխատանքները։ Արցախի ՊՆ–ն հերքել էր նաև այս երկու հաղորդագրությունները։