30-100 հազար դրամ տուգանք` ՀՀ պետական դրոշի նկատմամբ պահանջները խախտելու դեպքում

ՀՀ պետական դրոշը
Կառավարության նպատակն է պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի մշակույթ ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել 30-100 հազար դրամի տուգանք անխտիր բոլորին, եթե խախտեն ՀՀ խորհրդանիշներից մեկի` դրոշի նկատմամբ պահանջները։ ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ներկայացնելով «Դրոշի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Նախարարությունն առաջարկում է դրոշի նկատմամբ պահանջների խախտումները պատժելի դարձնել բոլոր դեպքերում` անկախ նրանից` այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Ըստ նախագծի` կարգի պահպանմամբ մշակույթ ստեղծենք մեր պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի։
«Դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, գետնից 2.5 մետր բարձրության վրա։ Պահանջները չկատարելու դեպքում կսահմանվի 30-50 հազար դրամ տուգանք հասարակ քաղաքացիների, իսկ 70-100 հազար դրամ տուգանք` պաշտոնատար անձանց համար»,– ընդգծեց փոխնախարարը։
Ըստ նրա` վարչական պատասխանատվության տակ չեն ընկնում այն անձինք, որոնք պետական դրոշը տեղադրել են աշխատասենյակներում, փակցրել են մեքենաների վրա։
Միաժամանակ Հարությունյան զգուշացնում է` եթե մշակութային, սպորատային, կրթական այլ հաստատություններում կամ համայնքային կառույցներում դրոշի նկատմամբ պահանջների խախտումներ արձանագրվեն, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծման։