ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է օգոստոսին, անհրաժեշտության դեպքում, բացի սահմանված 170 մլն խմ-ից՝ Սևանա լճից լրացուցիչ 70 մլն խմ ջրառ իրականացնել։ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Սևանից լրացուցիչ 70 մլն խմ ջրառը նա պայմանավորեց եղանակային պայմաններով, ջրավազանների քիչ լցվածությամբ։
«Այս թիվը պեսիմիստական սցենարով են հաշվարկել։ Լրացուցիչ ջրառի կարիք հնարավոր է լինի օգոստոսին, որպեսզի անհրաժեշտության պարագայում ոռոգման սեզոնը առանց ընդհատումների անցկացնենք։ Հիմա ենք բերել նախագիծը` հաստատման, քանի որ ԱԺ–ն օգոստոսին արձակուրդում է լինելու»,– ընդգծեց նա։
Տերտերյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց 2023 թվականն այն տարիների շարքում է, որոնց դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ջրառ իրականացնել։ Լրացուցիչ ջրառ Սևանից իրականացվել է 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին։ Ըստ նրա, օրինակ` 2021 թվականին Սևանից վերցվել է 227 մլն խմ ջուր։
Փոխնախարարը նշեց, որ Սևանից ջրառը սկսել են մայիսի 14–ից, մինչդեռ անցած տարի դա արել են հունիսի 3–ից։ Մայիսի 14–ից մինչ այս պահը Սևանից վերցվել է 82.3 մլն խմ ջուր։
Արփա–Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ ջուր, մինչդեռ 2022 թ. այդ ցուցանիշը եղել է 148 մլն խմ։ «Այսինքն, ինչքան ջուր վերցրել ենք, այնքան տեղափոխել ենք։ Այս ցուցանիշներն իսկապես խոսում է այն մասին, որ այս տարի մենք իսկապես ունենք ջրի լուրջ դեֆիցիտ»,– նշեց Տերտերյանը։
Նա տեղեկացրեց նաև` եթե Սևանի մակարդակը մայիսի 14–ի դրությամբ եղել է 1900 մ 43 սմ, ապա հիմա 1900 մ 56 սմ է, այսինքն` այս ընթացքում 13 սմ–ով բարձրացել է։
Սևանից լրացուցիչ ջրառից խուսափելու համար, ըստ Տերտերյանի, մենք պետք է փոխենք գյուղատնտեսության կառուցվածքն ու ոռոգման տրամաբանությունը, հակառակ դեպքում մարտահրավերները գնալով ավելի կմեծանան։
Ի դեպ, նա նշեց, որ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել կառավարության` ջրառի մասին որոշմանը` նշելով, որ ջրառը պետք է լինի սահմանված 170 մլն խմ շրջանակներում։