Պուտինը Եվգենի Պրիգոժինի հետ հանդիպմանը քննարկել է հունիսի 24-ի իրադարձությունները. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Պեսկովը նշել է, որ այդ հանդիպման մանրամասները հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության առաջնորդ Եվգենի Պրիգոժինի, ընկերության ղեկավարության հետ և քննարկել հունիսի 24-ի իրադարձությունները, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հանդիպման է հրավիրել 35 հոգու. ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ», - լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ այս հանդիպման մանրամասները հայտնի չեն, բայց հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկել։
«Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ նախագահը գնահատական է տվել վաշտի գործողություններին ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին: Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի տեղավորման և աշխատանքային գործունեության հետագա տարբերակներ», - ասել Է Պեսկովը։
Հրամանատարները ներկայացրել են նաև կատարվածի իրենց վարկածը։
Պեսկովի խոսքով՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարները ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վստահեցրել են, որ նրա հավատարիմ կողմնակիցներն են և պատրաստ են շարունակել պայքարը հանուն հայրենիքի։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։