«Օրն ավարտվեց հիասթափությամբ». Կլաարը` Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Տոյվո Կլաար
Արցախում գազամատակարարումը մեկ օրով վերականգնվել էր, այնուհետև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է Արցախ մտնող գազատար խողովակի վրայի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Արցախի գազամատակարարման դադարեցմանն ու Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Սակայն հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կեսօրին անջատել է վերականգնված գազամատակարարումը:

«Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- գրել է նա Twitter–ում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախի շրջափակման 211 օրվա ընթացքում արդեն 182 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը։