ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Միլլեր

Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ–ն անհամբերությամբ է սպասում բանակցությունների հաջորդ փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին»,– ասել է նա:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։