ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում օդաճնշիչ ատրճանակով անչափահասներին վիրովորում հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անչափահասները ճանաչվել են տուժող: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ գրել ենք, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև։ Սամվել Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց ուղղությամբ։
«Նախնական տվյալներով՝ դեպքի օրը, անձնական հարցերի պարզաբանման նպատակով, նախապես պայմանավորվածության համաձայն` անչափահասների և մի խումբ անձանց (նախնական տվյալներով՝ ևս անչափահասներ) միջև վիճաբանություն է սկսվել, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի։ Այդ ընթացքում անչափահասների հետ վիճաբանողներից մեկը, ավտոմեքենայից վերցնելով օդաճնշիչ ատրճանակը` կրակոցներ է արձակել նրանց ուղությամբ՝ երկուսին պատճառելով մարմնական վնասվածքներ»,–հայտնում են ՔԿ–ից։
Հոգեբանի և օրինական ներկայացուցիչների մասնակցությամբ տուժած անչափահասները հարցաքննվել են։ Նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն նրանք հրաժարվել են ներկայանալ և ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է: