ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հաջորդ շաբաթ Երևանի «Փակ շուկայի» գետնանցումում ու ևս 8–ում կմեկնարկեն վերելակների տեղադրման աշխատանքները: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։
Ներկայացնելով Երևանի 9 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ բարձրացող աստիճաններին վերելակներ տեղադրելու հանձնարարականը` Գրիգորյանը նշեց, որ մրցույթն արդեն կայացել է։
«Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն ։ Մեկ զույգ վերելակը կդնեն երկու օրում, և հերթով մենք այդ 18 վերելակները կտեղադրենք»,–ասաց նա։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ դա ամենակարևոր ծրագրերից մեկն է։
«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,–ասաց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ հիմնովին վերանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը փետրվարի 16–ին հանձնվեց շահագործման, սակայն աղմուկ բարձրացավ, որ 21–րդ դարում վերանորոգված գետնանցումը թեքահարթակ չունի։
Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար գետնացումներում պետք է տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ։