Երևանում օդատիեզերական ինժեներիա մասնագիտությամբ մագիստրատուրա կբացվի

Ինժեներական քաղաք
Ուսուցման ընթացքում ուսանողները պրակտիկա կանցնեն ձեռնարկություններում, իսկ դիպլոմային աշխատանքները կապված կլինեն տեղական ընկերությունների իրական խնդիրների լուծման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երևանի Ինժեներական քաղաքում օդատիեզերական ինժեներիա մասնագիտությամբ մագիստրատուրա կբացվի։ Ուսումնական ծրագիրը Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Ինժենարական քաղաքի կառավարիչ) համատեղ նախագիծը կլինի։
Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայտերի ընդունման ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 19-ը, իսկ բուն դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից։ Առաջին խմբում նախատեսվում է 20 ուսանող ընդգրկել։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ուսուցման նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ոչ միայն ուսանողները, այլև այն մասնագետները, որոնք արդեն աշխատում են ձեռնարկություններում (հանրապետությունում անօդաչուների արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություն է գործում)։
«Մենք նրանց նույնիսկ խնդրել ենք սահմանափակել իրենց մասնագետների թիվը, որպեսզի տեղերը բավարարեն նաև երիտասարդ ուսանողների համար», – հավելեց Ենգիբարյանը։
Աղաջանյանը նշեց, որ ուսման վարձը տարեկան 600 հազար դրամ կկազմի։ Անվճար տեղեր դեռ նախատեսված չեն, քանի որ կազմակերպիչները դրա համար հայտ չեն ներկայացրել ԿԳՄՍՆ։ Ծրագրի հեղինակների կարծիքով` մասնավոր ընկերությունները ծրագրի նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն կցուցաբերեն, որպեսզի ֆինանսավորեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակները։
Ուսումնական դասընթացի շրջանակում մագիստրատուրայում կուսումնասիրեն արհեստական արբանյակների անօդաչուների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները, դրանց նախագծումն ու ստուգաչափումը, ինչպես նաև թռչող սարքերի էլեկտրոնային հանգույցների համար օդատիեզերական չափումներն ու ներկառուցված համակարգերի նախագծումը (կապի, օբյեկտի ճանաչման և այլն)։ Ուսանողները կյուրացնեն նաև այդ հանգույցների աշխատանքի սկզբունքները։
ՌԴ բուհեր ընդունվելու հնարավորություն. ՀՀ–ում 10-րդ ռուսական կենտրոնը բացվեց Մեղրիում
Ուսուցումը բաղկացած կլինի ոչ միայն տեսական մասից, այլև ձեռնարկություններում անցկացվող պրակտիկայից, իսկ ավարտական աշխատանքներն անմիջական առնչություն կունենան ձեռնարկությունում առաջացող իրական խնդիրների հետ (այդ նպատակով դասընթացի կազմակերպիչներն արդեն իսկ բանակցել են ոլորտային ընկերությունների հետ)։
Դասավանդմանը կներգրավվեն բարձրակարգ մասնագետներ, այդ թվում` հայեր, որոնք Եվրոպայում և ԱՄՆ–ում աշխատել կամ աշխատում են օդատիեզերական ոլորտի ձեռնարկություններում։
Նշենք, որ Հայաստանի բուհերում արդեն գործում են թռչող սարքերի գծով մի քանի ուսումնական դասընթացներ և լաբորատորիա։ Օրինակ` Պոլիտեխնիկական համալսարանում գործում է անօդաչուների լաբորատորիա, ԵՊՀ–ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ուսումնասիրում են կապի բարձր հաճախականության ազդանշանները, Հայ–ռուսական համալսարանում վերջերս ռոբոտատեխնիկա մասնագիտությամբ ծրագիր բացվեց։ Եվ վերջապես բուն Ինժեներական քաղաքում մի քանի տարի է` փոքր արբանյակների հավաքման ուսանողական թիմեր են աշխատում։ Մագիստրոսական նոր ծրագիրը պետք է լրացնի այս բոլոր ջանքերը։
«Ինժեներական քաղաքը» գիտաարտադրական կլաստեր է, որտեղ ավելի քան մեկ տասնյակ ճյուղային ընկերություններ կան, ինչպես նաև Պոլիտեխնիկական և այլ համալսարանների ուսանողների համար ուսումնական դասընթացներ են անցկացվում։
Ինչն է ՀՀ-ում շատ հավանել Հարություն Կիվիրյանը. տիեզերագնացը` տպավորությունների մասին