ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Եկող շաբաթ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տա, որ քաղաքի որևէ փողոցում, որևէ մեկը փոս փորի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Նա համապատասխան վարչությանը հանձնարեց քանդման թույլտվություն տալուց առաջ հոգալ, որ շրջակայքը պատշաճ կահավորված լինի։
«Աճառյան փողոցում խորը փոս էր փորված, երեկ եմ անցել կողքով, 2 բարակ լենտ էր թքած-կպցրած, դա պատշաճ կահավորում չէ։ Ծարավ աղբյուր փողոցում էլ նման բան կա, ինձ ուղարկել են տեսանյութ, թե ինչպես են քանդված փոսում 3 մեքենա ընկնում և ակերը տրաքում։ Այս շաբաթ այլևս ոչ մեկի որևէ քանդման թույլտվություն չտաք: Զբաղվեք քանդման թույլտվություն ստացած տեղերի պատշաճ կահավորում ապահովելով»,– ասաց փոխքաղաքապետը։
Ավինյանը բերեց արտերկրում արագընթաց ճանապարհների կահավորումների օրինակը, երբ մինչ խոչընդոտին հասնելը մի քանի կիլոմետր առաջ վարորդները համապատասխան նշանով տեղեկացվում են, որ որոշ ճանապարհահատված լինելու է դժվարանցանելի։ Նա պահանջեց փոխել մոտեցումը և Երևանում նույնպես կազմակերպել պատշաճ կահավորում։