ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հրազդանում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները։ Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Շինաշխատանքներն ավարտվելու են 2024 թվականի օգոստոսին: Նախատեսված է կառուցել սեյսմակայուն՝ առնվազն 9 բալ երկրաշարժի համար նախատեսված էներգախնայող դպրոց։
Վարչապետն այցելել է նաև Փամբակի լեռնաշղթայի Ակնալեռի ստորոտում գտնվող ջրերի շշալցման գործարան։ Ներդրումների ընդհանուր արժեքն այստեղ կազմել է 30 մլն եվրո։ Ստեղծվել է 90 աշխատատեղ: Նախատեսվում է անցնել հերթափոխով աշխատանքի, ինչի արդյունքում կավելանա աշխատատեղերի քանակը: Արտադրանքը սպառվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելքի երկրներ, ԱՄՆ, Լեհաստան:
Ջրվեժ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Անհրաժեշտ գույքով համալրված մանկապարտեզն օգոստոսից կկարողանա ընդունել 190 սան:
Տարբեր համայնքներ այցելությունների ընթացքում վարչապետը ծանոթացել է ավտոճանապարհների ընթացքի մեջ գտնվող և ավարտված հիմնանորոգման աշխատանքներին։