Ավստրալիայի նախկին վարչապետը Ստոլտենբերգին անվանել է հիմար և դատապարտել ՆԱՏՕ–ի ընդլայնումը

Արխիվային լուսանկար
Քիթինգը հանդես է եկել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի քննադատությամբ, հայտարարելով, որ «միջազգային ասպարեզում բոլոր մարդկանցից ամենագլխավոր հիմարը Յենս Ստոլտենբերգն է»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի նախկին վարչապետ Փոլ Քիթինգը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին անվանել է «հիմար» և հանդես եկել դեպի Ասիա ՆԱՏՕ–ի ընդլայնման դեմ, նա նաև դաշինքի առաջխաղացումը համեմատել է ժանտախտի տարածման հետ, իսկ սառը պատերազմից հետո դրա բուն գոյությունը վնասակար համարել Եվրոպայում խաղաղ միասնության համար։
Ավելի վաղ Financial Times–ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ՉԺՀ–ի հետ հարաբերությունները չսրելու համար Տոկիոյում գրասենյակ բացելու ՆԱՏՕ–ի առաջարկի դեմ։ Պարբերականի տվյալներով` Փարիզը կարծում է, որ դաշինքի կանոնադրությունը նրա գործունեության ոլորտը սահմանափակում է «Հյուսիսային Ատլանտիկայով»։ Աղբյուրի համաձայն` Ֆրանսիան չի ցանկանում աջակցել «ՆԱՏՕ–ի և Չինաստանի միջև լարվածությանը նպաստող» որևէ բանի։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրավացի է, երբ ՆԱՏՕ–ին հետ է պահում է դեպի Ասիա ցանկացած ընդլայնումից, հիշեցնելով բոլորին ատլանտյան գաղափարի և ՆԱՏՕ–ի ուղղվածության մասին։ Այդ վնասակար թույնի արտահանումն Ասիա նման կլիներ նրան, որ Ասիան իր վրա է վերցրել ժանտախտը», – Pearls and Irritations ավստրալիական հարթակում հրապարակված իր հոդվածում գրել է Փոլ Քիթինգը։
«Էմանուել Մակրոնը աշխարհին ծառայություն է մատուցում` Ստոլտենբերգին խանգարելով, բոլորիս հիշեցնելով, որ ՆԱՏՕ–ն ռազմական կազմակերպություն է, այլ ոչ քաղաքացիական», – հավելել է Ավստրալիայի նախկին վարչապետը։
Այսօր հրապարակված հոդվածում Քիթինգը հանդես է եկել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի քննադատությամբ, հայտարարելով, որ «միջազգային ասպարեզում բոլոր մարդկանցից ամենագլխավոր հիմարը Յենս Ստոլտենբերգն է»։
Բլինկենը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը
Ինչպես գրում է Քիթինգը, Ստոլտենբերգի դիրքորոշումն այն է, որ Չինաստանը պետք է լինի Արևմուտքի վերահսկողության ներքո և ռազմավարական առումով սահմանափակված լինի։ Նախկին վարչապետի կարծիքով` ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը մոռանում է այն փաստը, որ ՉԺՀ–ն «մարդկության 20 տոկոսն է ներկայացնում և ներկա պահին աշխարհի խոշորագույն տնտեսությունն է»։
«Ստոլտենբերգն ավելի շուտ իրեն դրսևորում է որպես ամերիկացի գործակալ, քան եվրոպական անվտանգության առաջնորդ և ներկայացուցիչ», – նշել է Քիթինգը։
Ավստրալիայի նախկին վարչապետի կարծիքով` ՆԱՏՕ–ի գոյությունը սառը պատերազմի ավարտից հետո «Եվրոպան զրկել է խաղաղ միասնությունից»։
Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել էր, որ քննարկում է եղել Տոկիոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի բացման վերաբերյալ։ Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին ավելի վաղ նույնպես հայտնել էր ՆԱՏՕ–ի հետ կապի գրասենյակ Ճապոնիայում բացելու վերաբերյալ քննարկումների մասին, այդ գրասենյակն Ասիայում նման առաջինը կլինի։ Ավելի ուշ Nikkei պարբերականը` հղում անելով տեղեկատվական աղբյուրներին հայտնել էր, որ ՆԱՏՕ–ն հետաձգել է գրասենյակ բացելը՝ դաշինքի բոլոր երկրների կողմից բացարձակ աջակցություն ստանալու անհնարինության պատճառով։
ՉԺՀ–ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ Ասիայի երկրների մեծ մասը հստակ դիրքորոշում ունեն դեպի Արևելք ՆԱՏՕ–ի ընդլայնման հարցում և չեն ողջունում իր «ճանկերը» տարածաշրջան առաջ մեկնելու դաշինքի փորձերը։