Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում քննարկել է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հարցը

Զրուցակիցները խոսել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման հարցերը։ Նրանք անդրադարձել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորություններին, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
«Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ին ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը։