ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են լուծել ամենաբարդ խնդիրներից մեկը՝ գործընկերային հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնել։ Հակառակ բազմաթիվ արտաքին գործոնների՝ երկկողմ փոխգործակցությանը ռազմավարական բնույթ հաղորդելու առաջին քայլն արդեն արված է։
Մասնավորապես՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ռազմավարական կարևոր հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսություն սկսելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Պաշտոնապես Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ չեն, սակայն երկու երկրների կառավարությունների ղեկավարները հստակ նշել են իրենց դիրքորոշումները՝ գործնականում ընդլայնել և խորացնել երկկողմ համագործակցությունը, բարձրացնել դրա մակարդակը։
Մի քանի տարի տևող ռազմավարական ուղին
Երևանը 2019 թվականից Թբիլիսիին առաջարկում է խորացնել հարաբերությունները և հասցնել ռազմավարական մակարդակի։ Դեռ Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի օրոք Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ մշակվել էր ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափ, որն, ըստ էության, նախանշված ճանապարհի քայլերից էր: 2021 թվականին հայկական կողմը Վրաստանի նկատմամբ իր մտադրություններն ամրագրեց կառավարության հնգամյա ծրագրում։
Երևանը նշել է, որ շարունակելու է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ կոմունիկացիոն կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, նախատեսվում է խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում:
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն ողջունումէ երկու երկրների կառավարությունների ղեկավարների մտադրությունը: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Երևանի և Թբիլիսիի համար այս առումով առավել բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել։
Նրա խոսքով՝ դրա վրա ազդել են արտաքին քաղաքական ֆոնը, տարածաշրջանային կոնյունկտուրան և ստատուս քվոյի փոփոխությունը Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմից հետո։
««Քայլն արված է, սակայն այս փուլում դեռ վաղ է խոսել փոխգործակցության ռազմավարական բնույթի մասին», - ասաց նա:
Փորձագետը նշեց, որ շփումների խորությունը թույլ կտա կողմերին արտաքին քաղաքականության երկարաժամկետ կուրս մշակել և ավելի բարձր մակարդակով հարցերը լուծել:
Կհամաձայնեցնե՞ն նախագծերը
Բաթումում վարչապետները կարողացել են ճշտել շփման օրակարգը, ինչպես նաև դեմ առ դեմ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Այսպես է կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նույնպես կարևորեց երկխոսության մեկնարկը՝ որպես փոխգործակցության զարգացման և այն ռազմավարական մակարդակի հասցնելու քայլերից մեկը։
Մելիքյանը կարծում է, որ Երևանին և Թբիլիսիին անհրաժեշտ է հնարավորինս շատ առևտրատնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնել և իրականացնել: Նա հիշեցրեց, որ հենց այդ ծանրակշիռ գործոնն է թույլ տվել Թբիլիսիի հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնել Բաքվի և Անկարայի հետ։
«Երկու երկրներում կա փոխըմբռնում և՛ ռազմավարական հարցերի շուրջ երկխոսություն նախաձեռնելու, և՛ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության հարցում։ Կա նաև համապատասխան մտադրություն և պատրաստակամություն», - ասաց Մելիքյանը։
Սկզբում խոսքը կարող է վերաբերել ենթակառուցվածքային, էներգետիկ, կապի, առևտրատնտեսական նախագծերի ակտիվացման ու զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը։
Փորձագետը կարծում է, որ մինչ այժմ Երևանին և Թբիլիսիին խանգարում էր անդամակցությունը տարբեր տնտեսական միություններին և անվտանգության ձևաչափերին: Երկու մայրաքաղաքներում աշխարհաքաղաքական գործընթացների, Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության, Ուկրաինայի իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության ֆոնին նկատվում էր երկկողմ հարաբերությունների ճարտարապետության վերաիմաստավորման միտում։
Թբիլիսիում սկսեցին հասկանալ, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտված է, Բաքուն պատերազմից ավելի ուժեղ դուրս եկավ, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն ուժեղացավ, ինչը որոշակի առումով մեծացրեց ճնշումը Վրաստանի վրա։ Այդ իսկ պատճառով դեռ մի քանի տարի առաջ հայկական կողմի հնչեցրած գաղափարներն ու մոտեցումները վերջապես արձագանք ստացան հարևան Վրաստանում։