ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի տեղեկությունների`ժամը 23։20-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում մխրճվել է ճամփեզրին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Վարդան Հակոբյանին պատկանող KamAZ մակնիշի բեռնատարի մեջ։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ 58-ամյա Բայթուն Գրիգորյանը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վարորդ Ա․ Հակոբյանը և Mercedes-ի մյուս ուղևորներ՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ Սուսան Բաղդասարյանը, 45-ամյա Լուսինե Սահակյանն ու Երևանի բնակիչ 11-ամյա Ալեքս Ջաղացպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Վիրավորներից Սուսան Բաղդասարյանը վիրահատարանում մահացել է։ Մյուս երկու վիրավորը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և հրշեջ փրկարարները։
KamAZ-ը բարձված է եղել ցեմենտով և ունեցել է տեխնիկական խնդիր։ Վարորդն էլ թույլատրելի հատվածում կայանել է մեքենան տեխնիկական խնդիրը լուծելու համար։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։