ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ այդ գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից ընդգծում են, որ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր ապատեղեկատվություն էր տարածել նաև ՀՀ սահմանի վերաբերյալ։ ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հայտարարեց, որ սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմը կրակ չի բացել։