ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ Արցախի կառավարությունը որոշում է կայացրել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։
Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ` էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ:
Շտաբից հայտնում են նաև, որ հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի կեսգիշերին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել էր Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։