Առաքելությունը անհնարին միայն թվում է. տրանսֆերների խնդիրները 21-րդ դարի ֆուտբոլում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու Խորվատիայի հավաքականի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը . Արխիվային լուսանկար
Ֆուտբոլի տրանսֆերային շուկան այլևս չի զարմացնում ֆուտբոլիստների ձեռքբերման համար հատկացվող աստղաբաշխական գումարներով, իսկ որտեղ մեծ (շատ մեծ) փողեր են պտտվում, այնտեղ, որպես կանոն, առանց չարաշահումների չի լինում։
Sputnik
Ֆուտբոլի տրանսֆերային շուկայում կատարվող չարաշահումներին ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ֆինանսական Fair Play-ները ի վիճակի չեն խանգարել. լավ ֆինանսիստը (նույնիսկ հաշվապահը) կարող է տարբեր ձևերով շրջանցել այդ սահմանափակումները, միայն թե խթան լինի:
Իսկ խթանները շատ են։ Չնայած մեծ հաշվով ֆուտբոլիստներն այսօր որևէ եվրոպական ուղղությամբ տեղափոխվելու խնդիր չունեն, դրա համար անհրաժեշտ է երկու ակումբների և ֆուտբոլիստի համաձայնությունը (եթե երեք կողմերից մեկը դեմ է տրանսֆերին, ապա այն պարզապես չի կայանա): Դե, օրինակ, եթե երկու ակումբները համաձայն են, որ X խաղացողը խաղա, ասենք, երևանյան ակումբում, իսկ ֆուտբոլիստը գուգլում և որոշում է, որ Երևանում շատ շոգ է, ինքն այստեղ չի ձգի, ոչ մի պայմանագիր էլ չի կնքվի։
Կամ Սանկտ Պետերբուրգի խոնավությունը, ասենք, Y կիսապաշտպանին դուր չի գալիս։ Իսկ Սանկտ Պետերբուրգի, ընդհանրապես Ռուսաստանի հետ, բացի անձրևներից, այլ մեծ խնդիրներ էլ կան՝ պատժամիջոցներ են, ընկերներ։ Եվ ահա ակումբի սեփականատերերը, գործակալներն ու խաղացողները սկսում են մտածել, թե ինչպես կարող են իրականացնել տրանսֆերը խոչընդոտների առկայության պարագայում:
Խաղացողների փոխանցման տրամաբանությունը, որը տասնամյակներ շարունակ հղկել են ֆուտբոլային կապիտալիզմի տրանսֆերային շնաձկները, իհարկե մնում է: Առաջին հերթին պետք է սպասել, որ քեզ հետաքրքրող ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտին մոտենա, այդ պարագայում տրանսֆերային գումարը զգալի կնվազի։ Այդպիսի իրավիճակում ակումբը փորձում է նոր պայմաններով նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, իսկ եթե խաղացողն ուզում է այլ ակումբ տեղափոխվել, ապա նա ձգտում է դրան հասնել ազատ գործակալի կարգավիճակով. այդ դեպքում ֆինանսապես շահում են թե՛ ֆուտբոլիստը, թե՛ նոր ակումբը:
Սակայն ներկայումս ռուսական ակումբների և այդ ակումբներում հանդես եկող ռուսական քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստների առջև լուրջ խոչընդոտներ են դրված: 2022 թվականի մարտին, ՖԻՖԱ-ի որոշման համաձայն, Ռուսաստանի ակումբներում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստները հնարավորություն ստացան վեց ամսով խզել իրենց պայմանագիրը և ժամանակավորապես տեղափոխվել այլ ակումբներ։ Իսկ հետո հայտնի դարձավ, որ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը այդ լեգեոներները կարող են չվերադառնալ իրենց թիմեր։
Եվ այս մռայլ ֆոնին ֆուտբոլային երկնակամարով պայծառ գիսաստղի պես անցավ վրացի Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը իտալական «Նապոլի»: Ամեն հանճարեղ բան պարզ է. Խվիչան խզեց ռուսական «Ռուբինի» հետ պայմանագիրը, տեղափոխվեց Բաթումի «Դինամո» (հայտնի չէ, թե քանի հանդիպում է անցկացրել այնտեղ, եթե ընդհանրապես խաղացել է), իսկ այնտեղից արդեն 10 միլիոն եվրոյի պայմանագիր կնքեց «Նապոլիի» հետ: Ներկա ժամանակներում շատ մեծ գումար չէ, բայց այստեղ կարևոր է մեխանիզմը:
Կամ վերջերս շատ է խոսվում այն մասին, թե Մոսկվայի «Դինամոյից» ուր և երբ կարող է տեղափոխվել Արսեն Զախարյանը: Անձամբ ֆուտբոլիստն անընդհատ ասում է, որ ոչ մի տեղ գնալ չի ուզում, այլ ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն, բայց նրան «կպցնում են» մեկ «Չելսիի», մեկ ավելի ուժեղ թիմերի հետ, իսկ Հայաստանի հավաքականի մասին խոսակցությունները չեն դադարում։
Տեսականորեն Զախարյանը կարող է ցանկացած եվրոպական ակումբ տեղափոխվել Հայաստանի միջոցով։ Գործընկեր Կվարացխելիայի օրինակով գրանցվել, օրինակ, «Ուրարտուում», և նրա հետ կապված դրամական հոսքերը կհոսեն ոչ թե պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկեր, այլ անմեղ հայկական բանկեր։ Թե հետո ուր են կորելու այդ հոսքերը, այլ հարց է և անմեղության հետ կապ չունի։
Իրականում այդպիսի լուրերը շատ էին, բայց այդ տեղեկությունը հերքվեց։ Իսկ հիմա խոսում են այն մասին, որ մոսկովյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Զախարյանին։ Եթե դա տեղի ունենա, ապա հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստի տեղափոխությունը Եվրոպա ներկայիս պայմաններում անհնար կդառնա:
Մի բան պարզ է. ՌԴ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստների համար եվրոպական ակումբներ տեղափոխվելը հիմա բարդ գործարք է դարձել, քանի որ ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ դրամական փոխանցումներ կատարել ռուսական բանկեր: Հետևաբար, ռուս ֆուտբոլիստներն ու ակումբները կարող են որպես տրանսֆերի տարանցման ուղի ընտրել «արտասահմանյան» համարվող գործընկեր երկրներին։ Կամ էլ ֆուտբոլային գործակալները ստիպված կլինեն կարգավորել օֆշորների հետ կապված սխեմաները (չնայած այս մասին դեռ փաստեր չկան, կամ դրանք հայտնի չեն)։
Եվ գործընկեր երկրների ակումբները պարծենալու բան կունենան. ամեն օր չէ, որ Բաթումի «Դինամոն» ու Երևանի «Ուրարտուն» իրենց ֆուտբոլիստներին վաճառում են «Նապոլիին» կամ «Չելսիին»: Հետո ի՞նչ որ այդ ֆուտբոլիստները «Դինամոյի» կազմում «Ուրարտուի» հետ մեկուկես րոպե են խաղացել։
ՀՖՖ–ի ներկայացուցիչների հետ բանակցություններ չեմ վարել. Զախարյանը` Հայաստան այցի մասին