Անկախության տոնի առթիվ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը վստահ է, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ անկախության տոնի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը»,– նշված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով կշարունակեն հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով` ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։
Հավելենք, որ Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 30–ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։