Ադրբեջանը փակել է Արցախ մտնող գազատար խողովակի վրայի փականը. գազի ճնշման մակարդակը իջնել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ–ն։
Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե մասնակի:
«Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից խնդրում են բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի որ որոշակի ծավալի գազ արդեն մղվել էր դեպի ներքին ցանցի մի հատված:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է հանրագումարային 143 օր շարունակ: