ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը կեսօրին անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին:
«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Արցախգազից» հորդորում են բաժանորդներին առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:
Նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից` հուլիսի 10-ից է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:
Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ: