ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի համար կարևոր է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցությունը։ Այս մասին ընկերության տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպմանը ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Նախարար Խաչատրյանն ընդգծել է «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը»,-նշված է նախարարության հաղորդագրությունում:
Իր հերթին «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել են և զարգանում են դինամիկ դրական տեմպերով:
Նշենք, որ երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը Բակալչուկը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստվում է լոգիստիկ կենտրոն հիմնել Հայաստանում, որը թույլ կտա ավելի արագ առաքել ապրանքները Հայաստանում, իսկ փոքր բիզնեսն ավելի հեշտ կարտահանի իր արտադարանքը Ռուսաստան։
Հիշեցնենք՝ Wildberries–ը 2021 թվականին Հայաստանում բացել է պատվերների տրամադրման մասնաճյուղեր։ Ուղղակի վաճառքն ընկերությունը մեկնարկել է 2022 թվականի վերջին։ 2023 թվականի առաջին կիսամյակի վերջին Հայաստանի գնորդների համար բացվել է Wildberries պատվերների ավելի քան 270 կետ։
Օնլայն առևտրի այս հարթակում ՀՀ–ից գրանցված է 1878 վաճառող, իսկ 415 հազար մարդ պատվերներ է կատարում։