ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի-Sputnik. Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը մերձեցնում է նրան Եվրոպական միության հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակում անցկացված «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկման ժամանակ։
«Հայաստանը գտնվում է լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների կենտրոնում. ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը մերձեցնում են Եվրամիությունը Հայաստանի հետ և հակառակը», - Միրզոյանի խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարը նշել է, որ ուսումնասիրվում են տարբեր ուղղություններով, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում հարաբերությունների խորացման նոր հորիզոններ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկ համաժողովին: