Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին շանս չի տվել․ Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Էրդողանն այսօր երկրորդ անգամ ընդգծել է, որ Պուտինի հետ շուտափույթ հանդիպում է ակնկալում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիան Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին հնարավորություն չի տվել, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բայբուրթում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք առաջին օրվանից հավասարակշռված քաղաքականություն ենք վարել։ «Ռազմական լոբբին», օգտագործելով երկրում եղած ընդդիմությանը, փորձում էր մեզ կրակը գցել։ Մենք թույլ չենք տվել, որ դա տեղի ունենա: Ամրապնդելով մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ հնարավորություն չենք տվել փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ․․․ Պարոն Պուտինի հետ սերտ երկխոսություն ենք պահպանում», - ասել է Էրդողանը։
Նա ավելացրել է, որ օգոստոսին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում:
«Երեկ հյուրընկալել էինք Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, իսկ օգոստոսին, հուսով եմ, կհանդիպենք պարոն Պուտինի հետ։ Մենք փորձում ենք մեր երկիրը պաշտպանել արդեն մեկուկես տարի շարունակվող պատերազմի բացասական հետևանքներից», - հայտարարել է Էրդողանը։
Ստամբուլում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Ռուսաստանի առաջնորդի հետ առերես հանդիպում ունենալ: Կրեմլում, սակայն, նշել են, որ այդ հարցում «որոշակիություն» դեռ չկա։